Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թթվասերով պելմենի և վե՞րջ

Թթվասերով պելմենի և վե՞րջ
18.05.2015 | 12:26

Երեկ Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ նա հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնատարների հետ՝ քննարկելու ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորման Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքը: ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի հանդիպումները Մոսկվայում կկայանան այսօր, երեկվա օրը նա նվիրել է մոսկովյան ռեստորաններից մեկում ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտի հետ թթվասերով պելմենի ուտելուն: Դատելով դեսպանատան կայքում նրա և դեսպանի լուսանկարից՝ պելմենին համով է եղել: Մի շաբաթում Վիկտորյա Նուլանդը երկրորդ անգամ է Ռուսաստանում՝ մայիսի 12-ին նա ուղեկցում էր պետքարտուղար Ջոն Քերիին, որ Սոչիում հանդիպեց ՌԴ նախագահի ու արտգործնախարարի հետ: Սոչիից Ջոն Քերին մեկնեց Անթալիա, Վիկտորյա Նուլանդը՝ Կիև: Մայիսի 14-16-ին նա Կիևում հանդիպել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանի, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ: Եվ այդ հանդիպումներից հետո վերադարձել է Ռուսաստան, այս անգամ՝ Մոսկվա՝ քննարկելու Մինսկի համաձայնագրի կատարման ընթացքը: Ի՞նչ ընթացքի մասին է խոսքը, երբ կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Սոչիից Ջոն Քերին խոսուն հայտարարություն արեց ՈՒկրաինայի նախագահի հասցեին՝ առաջարկելով նրան լավ կշռադատել քայլեր ձեռնարկելուց առաջ:

Կիևցի քաղաքագետ, Գլոբալ ռազմավարության ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասյովը կարծում է, որ Վիկտորյա Նուլանդի Կիև գալու պատճառը Դոնբասի հարցով համաձայնագիրն է: ԱՄՆ-ն այլևս անհրաժեշտ է համարում Մինսկի համաձայնագրի այն կետերի կատարումը, որոնցով նախատեսվում է Դոնբասին փաստացի ինքնավարություն տալը: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար այս շրջադարձը անսպասելի էր: ՈՒկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ հիմնական խաղացողների կողմնորոշումների փոփոխությունը հարցականի տակ է դնում իշխանության վարած քաղաքականությունը ՈՒկրաինայում՝ կարծում է Վադիմ Կարասյովը: Նրա կարծիքով՝ Կիևի իշխանությունն այլևս չի բավարարում հասարակության մեծ մասի պահանջներին բուն երկրում և երկրից դուրս եղած տրամադրություններին: Նախագահը և մյուսները կես տարի մարզվում էին ռազմական հռետորաբանության մեջ և այլևս նահանջի տեղ չեն թողել: Նոր պայմանավորվածությունները կարող են Գերագույն ռադան ցրելու պատճառ դառնալ՝ խաղաղության համար ուրիշ խորհրդարան է պետք:
Փորձագետի կանխատեսումները հիմնավոր են, թե ոչ՝ մեծ հարցական է: Ավելի շատ՝ ոչ, քան՝ այո: Եթե իսկապես Կիևը կառավարվում է ԱՄՆ-ից, իսկ Վաշինգտոնը որոշում է կայացրել արդեն, Գերագույն ռադան չէ այն պատվարը, որ կբարձրանա Վաշինգտոնի դեմ: ՈՒկրաինական ճգնաժամի կարգավորումն ակնհայտորեն արագանում է, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ՌԴ ներկա հարաբերություններում փոփոխություններ կլինեն: Իհարկե, Կրեմլը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ իր վատ հարաբերությունների պատճառը ոչ թե Կիևն է, այլ՝ Ռուսաստանում իշխանափոխություն անելու, Ռուսաստանին աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս մղելու, երկիրը մասնատելու Վաշինգտոնի գերնպատակը: Բայց դա քարոզչական տեխնոլոգիա է, որ բուն քաղաքականության հետ կապ ունի այնքանով, որքանով բարձրաձայնում են քաղաքական գործիչները: Երբ քաղաքականության մեջ վակուում է առաջանում, սովորաբար լցնում են քարոզչական, գաղափարախոսական ու ակտիվ ազգայնական թեմատիկայով, իսկ երբ քաղաքականությունը վերադառնում է, այդ թեմատիկան մղվում է երկրորդ պլան՝ ստեպ-ստեպ վերադառնալու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բնական է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը Մոսկվայում թթվասերով պելմենի էր ուտում ոչ միայն ուկրաինական հարցը քննարկելու համար: Վիկտորյա Նուլանդը «բարձրաստիճան ռուս պաշտոնյաների» հետ կքննարկի նաև ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկա ու ցանկալի վիճակները: Եթե արդյունքները բավարար լինեն, տեղեկատվությունը կտարածվի, եթե ոչ այնքան՝ կհաղորդվի միայն ուկրաինական օրակարգի մասին:

Դիտվել է՝ 1438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ